Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Հայաստանի հինգերորդ Հանրապետությունը

Հայաստանի հինգերորդ Հանրապետությունը
16.02.2018 | 00:48

Պատմությունը սիրում է անակնկալներ մատուցել: Խորհրդանշական անակնկալներ` հատկապես: Երբ 2018-ի մայիսին Հայաստանը նշելու է Առաջին հանրապետության 100 տարին, գործնականում դրվելու են հինգերորդ հանրապետության հիմքերը: Ոչ թե չորրորդ, այլ հինգերորդ: Երրորդ ու չորրորդ հանրապետությունների տարբերությունը ձևական է` պետական կառավարման մոդելի փոփոխությունը: Համակարգային փոփոխություններ, իշխանության ու անգամ իշխանության առաջին դեմքերի փոփոխություն չի լինելու, ուրեմն ի՞նչ տարբերություն երրորդի ու չորրորդի միջև: Հիմայի ու հետոյի բուն խնդիրը հինգերորդ հանրապետության ձևավորումն է` համակարգային փոփոխությամբ, իսկ դրա առաջին քայլը մտածողության որակական փոփոխությունն է, որ պիտի լինի ոչ միայն իրենց ընդդիմություն համարող ուժերի գործունեության առանցքում, այլև պետության: ՈՒ` քաղաքացիների:
Միայն մտածողության ու բարոյահոգեբանական ընկալումների փոփոխությամբ հնարավոր կդառնա քաղաքական անցումը հինգերորդ հանրապետությանը, որ նպատակների ու խնդիրների առումով ինչ-որ չափով գուցե նման է լինելու առաջինի ու երրորդի սկզբին, բայց միայն սկզբին, և պարտավոր է ունենալ միանգամայն տարբեր շարունակություն: Հաստատուն ու մնայուն: Դա է այսօրվա գերխնդիրը:


Հայաստանի հինգերորդ հանրապետությունը միֆ չէ, զառանցանք կամ ուղեղային մորմոք: Դեռ 1914-ին Վահան Տերյանը գրում էր, որ ամեն ազգ պարբերաբար զգում է վերագնահատման կարիք: Իր պատմության: Ինքնության: Արժեքների: Ապագայի: Հայաստանի ապագան հինգերորդ հանրապետությունն է լինելու, ու դա համարյա այն պատմության հայկական տարբերակն է, որ Եգիպտոսից հրեաներին դուրս բերած Մովսեսը նրանց 40 տարի պտտեցնում էր անապատում` մինչև վերջին ստրուկը մեռնի, որ ազատության մեջ ծնված-մեծացածների առաջ բացվի Ավետյաց երկրի դուռը: Նույնիսկ Մովսեսը մնաց անապատում, որովհետև ինքն էլ ստրուկ էր եղել: Նույնիսկ Մովսեսը, որ Աստծո պատվիրաններն էր բերել իր ժողովրդին:


Մինչև հինգերորդ հանրապետությունը մենք դեռ ճոճվում ենք երրորդի ու չորրորդի միջակայքում: Ճոճվում են մեր պատկերացումները ու մեզ մատուցվող գաղափարները: Օրինակ` Սահմանադրությունը երկրի գլուխ անվանում է նախագահին, ստեղծվող ու ընդունվող օրենքները երկրի առաջին դեմք դարձնում են վարչապետին: Ստացվում է դեյուրե ու դեֆակտո առաջին դեմքի տարբերություն: Ինչպե՞ս է գործնականում այդ խնդիրը լուծվելու, եթե հակասություններ առաջանան նախագահի ու վարչապետի միջև:
Թեպետ չորրորդ նախագահին ընտրում է ԱԺ-ն, փաստացի ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մեկամսյա հանդիպումները վերածվել են մինի ընտրարշավի` նա հանդիպում է ոչ միայն քաղաքական ուժերի հետ, այլև հասարակության տարբեր խավերի ու անհատների: Գյումրիում էլ՝ ժողովրդի: Եվ արդեն ասել է, որ պատրաստ է մինչև փետրվարի 19-ը հանդիպել նախագահի հետ. «Ես կարծում եմ՝ հստակ պատկերացումներ ունեմ ոչ միայն սահմանադրությամբ իմ պարտականությունների, այլ նաև այն խնդիրների ու հնարավոր լուծումների շրջանակի, որի մասին յուրաքանչյուր հայ մարդ, լինի այստեղ, Արցախում, թե Սփյուռքում, մտածում է, ցավում է և ուզում է, որ մեր հայրենիքը 26 տարվա հաղթանակներից, հաջողություններից, նաև դժվարություններից ու որոշ անհաջողություններից հետո տանենք առաջ, ավելի ժողովրդավար, ամուր, հզոր դարձնենք և կարողանանք իր հաղթական ավարտին բերել Արցախի հիմնահարցը»:


Կարևոր պատկերացում է անելիքի մասին: Բայց` հռետորական: Գյումրիում Արմեն Սարգսյանն ասել է, որ նախագահի առաջարկը պատիվ էր, «բայց պատվից այն կողմ կա պատասխանատվություն»: Իսկ պատասխանատվությունը ենթադրում է գործելու հնարավորություն: ՀՀԿ-ն խորհրդարան է բերում ու ընդունում օրենքներ, որ նվազագույնի են հասցնում չորրորդ հանրապետության առաջին նախագահի իրավասությունները: Հարցին` իրեն դա չի՞ մտահոգում, նախագահի թեկնածուն տվել է հանելուկային պատասխան:

Նա հիշեցրել է, որ ինքն օրենքների ձևավորման գործընթացում ներդրում չունի և հավելել. «Կարելի է ղեկավարել՝ կառավարելով, և կարելի է ղեկավարել՝ առաջնորդելով: Կառավարման համար, բնական է, պետք ունենք լծակների, իսկ առաջնորդելու համար… Կարելի է առաջնորդել գաղափարով, կարելի առաջնորդել նաև ծրագրով, տեսլականով և այլն: Հանրապետության նախագահը ոչ միայն կարող է ունենալ այս բոլորը, այլ նաև ունի շատ մեծ լիազորությունների սահման այսօրվա Սահմանադրությամբ»: Ենթադրվում է, որ կառավարելով ղեկավարելու է վարչապետը, առաջնորդելով ղեկավարելու է նախագահը: Այնուամենայնիվ, Ալբիոնի բոլոր մշուշները ցրելուց հետո երևի չպարզվի` ի՞նչ է նշանակում առաջնորդել գաղափարով, ծրագրով, տեսլականով:
Բացի նրանից, որ նախագահը չի լինելու Անվտանգության խորհրդում, ընդամենը ստորագրելու է վարչապետի ներկայացրած ներվող անձանց ցուցակը, վարչապետին առընթեր ստեղծվելու է պետական վերահսկողական ծառայություն, ընդլայնվելու է աշխատակազմը, լինելու են տեղակալներ, նրանց նշանակելու ու ազատելու է վարչապետը: Կառույցն ընդարձակվելու է այլ վերահսկողական ծառայությունների հաշվին` նախագահի, վարչապետի, ԿՌՈՒ-ի մի մասի և այլ կառույցների: Ի՞նչ է մնում նախագահին ու խորհրդարանին: Փաստացի` Հայաստանում ստեղծվում է գերվարչապետական կառավարում: Իսկապես` այս դեպքում մնում է միայն «առաջնորդելը»: Բայց` ու՞մ: Որտե՞ղ: ՈՒ՞ր: Եթե նա առաջադրելու է բարձր նպատակներ, Հայաստանը բառերին չի հավատում: «Առաջնորդելու» գործընթացը ծավալվելու է միջազգայի՞ն ասպարեզում, դիվանագիտական, քաղաքական, տնտեսական կապերը գործադրելով, իսկ ինչի՞ համար է Էդվարդ Նալբանդյանը: Կապիտալի ներհո՞սք է ապահովելու: Ինչի՞ համար է վարչապետը: Ստացվում է` Արմեն Սարգսյանի բուն խնդիրը հենց իր` իբրև նախագահի բուն խնդիրը պարզելն է Հայաստանի պայմաններում, որտեղ իրավունքներն ու օրենքները մի դաշտում են, կյանքը` մեկ այլ: Չի բացառվում, որ «առաջնորդելու» պատճառով նա հարկադրվելու է հոսանքին հակառակ լողալ: Իշխանության հոսանքին: ՈՒ՝ ի՞նչ:


ՀՅԴ-ն ևս գերվարչապետական մոդելի վտանգն զգացել է: «Պետք է անել այնպես, որ վարչապետը չփոխարինի կառավարությանը»` ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա կարծիքով` խորհրդարանական կառավարման մոդելի նպատակը գերկենտրոնացված իշխանությունը ապակենտրոնացնելն ու ավելի արդյունավետ մոդելի գալն էր և պետք է ամեն ինչ անել ապակենտրոնացումը լիարժեք դարձնելու համար: Այդ դեպքում ինչու՞ է ՀՅԴ-ն կողմ քվեարկում օրինագծերին, որոնցով վարչապետը փոխարինում է կառավարությանը: Որովհետև վստահ է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեպքում անիմաստ է խոսել իշխանության ապակենտրոնացման մասի՞ն: Խորհրդարանական կառավարման տրամաբանության ու մոդելի առումով Հայաստանում ձևավորվող համակարգը գուցե շատ չի տարբերվում խորհրդարանական կառավարմամբ այլ պետությունների մոդելներից: Օրենսդրական դաշտում: Որտեղ վարչապետը դեյուրե ենթարկվում է խորհրդարանի մեծամասնությանը: Իրավիճակը լրիվ փոխվում է, երբ վարչապետի լծակները հայտնվում են Սերժ Սարգսյանի ձեռքում: Ստացվում է, որ նա ենթարկվում է խորհրդարանի մեծամասնությանը` ՀՀԿ-ին, որի նախագահն ինքն է: Այսինքն` դեյուրե ու դեֆակտո ենթարկվում է ինքն իրեն, կամ որ նույնն է` ղեկավարում է ինքն իրեն: Հընթացս` պետությունը: ՀՅԴ-ն դա գիտի ու չի պատրաստվում «չնչին տարաձայնությունների» պատճառով հեռանալ իշխանությունից, պարզապես ջանում է իմիջը, կամ այն ամենը, ինչ մնացել է իմիջից, պահպանել` ներկայացնելով առաջարկներ, որ մերժվելու են, բայց հիշվելու է, որ ներկայացվել ու մերժվել են` ինչպես 100 տոկոսով համամասնական ընտրակարգի անցնելը, կամ իշխանության ապակենտրոնացման մոդելը կարևորելը:


ՀՀԿ-ն նորից սկսել է խոսել Սերժ Սարգսյանի վարչապետության մասին (ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Կարեն Կարապետյանը չեն արձագանքում, վարչապետը գնում է նախարարություններ ու մի քանի տարվա աշխատանքի ծրագրեր ուրվագծում): «Անձնական կարծիքի» ձևով: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը փաստացի հաստատեց, որ ՀՀԿ-ն վարչապետ կառաջադրի Սերժ Սարգսյանին, թեև կուսակցությունը վերջնական որոշում չի կայացրել: Եվ այդ ամենը… դասական ներկայացման է նման` «Բոլորը գիտեն ինչով կավարտվի, սակայն, միևնույն է, նայում են»` ըստ Արմեն Աշոտյանի: Իհարկե: Ո՞վ էր կասկածում: ՈՒրիշ ո՞վ: Միայն Սերժ Սարգսյանը, որ մեկ անգամ հերքելուց հետո մի քանի անգամ ասում էր, որ կմտածի` «Տեսնենք»: Տեսնում ենք: Մեկ էլ` վարչապետ Կարեն Կարապետյանը, որ խորհրդարանում ասաց` ինքը համոզողներից չէ, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա: Մի անգամ էլ ասաց, որ պատրաստ է ու ուզում է հայրենիքին ծառայել: Այդքանը: ՀՀԿ-ն բարեխիղճ չեզոքացրեց իր «նոր ոգուն» ու սիմվոլին: Եվ` առանց խղճի խայթի: Խիղճը քաղաքական կատեգորիա չէ: Քաղաքականության մեջ, ինչպես սիրո, ամեն մեկն ինքն իր մասին է մտածում, և իրենից դուրս բոլորը մրցակիցներ են, եթե ոչ հակառակորդներ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հաստատեց, որ ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանին վարչապետ տեսնելու տրամադրվածություն կա: Իսկ խնդրանք լինելու՞ է: «Խնդրանքներով կամ հավակնություններով վարչապետ չեն լինում: Կա այդ տրամադրվածությունը թեկնածության առումով: Իհարկե, մենք դեռ չենք անդրադարձել այդ հարցին: ՀՀԿ ցանկացած դեմք, առավել ևս խորհրդի կամ գործադիր մարմնի անդամ, պարտավոր է ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին: Երբ մենք կկայացնենք որոշում, այդ հարցին կանդրադառնանք»: Իրականում Վահրամ Բաղդասարյանը ոչ թե մեծարում էր ՀՀԿ-ին, որ իբր որոշում ընդունող է, այլ զգուշացնում ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանին, որ պարտավոր է ենթարկվել որոշմանը:


2017-ի ԱԺ ընտրությունները հարցը լուծեցին իրավականորեն: Ճիշտ է` այս ամբողջ ընթացքում «Ո՞վ է լինելու վարչապետը 2018-ի ապրիլից հետո» հարցը լողում էր քաղաքական օրակարգում` պարբերաբար ստանալով Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան մրցակցության տեսք: Բայց Կարեն Կարապետյանը վարչապետ մնալու ռեալ քայլ չձեռնարկեց: Թերևս ուժերի ու հնարավորությունների ռեալ հաշվարկից ելնելով: Եվ` փոխվարչապետ մնալու հեռանկարով: Առաջին: Ինչու՞ ոչ: Կփոխվեն նախարարները: Գործը կմնա նույնը: Կյանքն էլ: Վատ չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը վերադառնում է Հայաստան: Ըստ լուրերի` ապրիլից նա զբաղվելու է ակտիվ քաղաքականությամբ: Գուցե այդպես է, գուցե ոչ: Դեսպանադարձի երկրորդ դեպքը կամբողջացնի 2022-ին ծրագրվող իշխանափոխության պատկերը:
Հայաստանի հինգերորդ Հանրապետությունը միֆ չէ, զառանցանք կամ ուղեղային մորմոք: Հայաստանի ապագան հինգերորդ հանրապետությունն է լինելու ու դա համարյա այն պատմության հայկական տարբերակն է, որ Եգիպտոսից հրեաներին դուրս բերած Մովսեսը նրանց 40 տարի պտտեցնում էր անապատում` մինչև վերջին ստրուկը մեռնի, որ ազատության մեջ ծնված-մեծացածների առաջ բացվի Ավետյաց երկրի դուռը: Նույնիսկ Մովսեսը այդ երկիր չմտավ` ինքն էլ ստրուկ էր եղել: Նույնիսկ Մովսեսը, որ Աստծո պատվիրաններն էր բերել իր ժողովրդին: Մենք 40 տարի չունենք: Մենք պատերազմող երկիր ենք: Մենք 10 միլիոն ենք աշխարհում: Իսկ Հայաստանում` 10 միլիոնի 1/3-ն էլ չի ապրում: «Ոսկե հորթի» փորձությունն էլ չենք հաղթահարում: ՈՒ ընդհանրապես ազգովին տրվել ենք ձևին, բովանդակության խորքի՞ց ենք վախենում, թե՞ պատասխանատվությունից: Թե՞ հոգնել ենք` այնքան երկար ենք ապրում աշխարհում, որ պատմությունը մեզ համար կոտրված խաղալիք է` միայն զրնգում է, բայց խաղալ չի ստացվում: Իսկ խաղալ պետք է: Կառավարելո՞վ: Առաջնորդելո՞վ: Ոչ: Իշխանությունը և պետությունը նույնը չեն: Հայրենիքը նաև ժամանակ է: Իսկ ժամանակը արագացնում ու դանդաղեցնում են մարդիկ: Գտնել մարդուն` սա է հինգերորդ հանրապետության առաջին խնդիրը:

Դիտվել է՝ 2858

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ